Page
«Իմ քայլը» հիմնադրամը և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը կհամագործակցեն

«Իմ քայլը» հիմնադրամը և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը կհամագործակցեն

20.06.2019 / Դիտումներ

Այսօր Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը կնքել են համագործակցության մտադրությունների հուշագիր։ Հուշագրի շրջանակում կողմերը հինգ ուղղություններով (կրթություն, մշակույթ, բնապահպանություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն) փաստերի և գիտելիքի վրա հիմնված նորարարական լուծումներով համատեղ ծրագրեր են իրականացնելու։

«Մտադրությունների հուշագիրը կնքում ենք՝ նպատակ ունենալով ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է ստանձնում ինչպես սեփական, այնպես էլ հանրային բարեկեցության համար»,- ստորագրման արարողության ժամանակ ասել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Նա նշել է, որ հուշագրի դերը կարևոր է նաև Միավորված ազգերի կազմակերպության «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրագործման համատեքստում՝ առողջ, կրթված և ներառական հասարակության կայացման հարցում։

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը հավելել է. 

«Մեր կենտրոնը իր գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել է ստեղծել սոցիալական, բնապահպանական և տնտեսական մարտահրավերները լուծող նորարարական նախագծերի մեծ պորտֆոլիո։ Համագործակցելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ՝ այս հինգ ոլորտներից յուրաքանչյուրում հետազոտություններ ենք իրականացնելու՝ մշակելու այնպիսի լուծումներ, որոնք կարագացնեն Հայաստանում Օրակարգ 2030-ի իրականցումը»։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի առաջին համատեղ նախագիծն արդեն մշակման փուլում է, և շուտով որոշ մանրամասներ հասանելի կդառնան լայն հանրությանը։

Relevant Topics