Կայուն զարգացման նպատակ 17-ի ոգով մեր կենտրոնում շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերների լայն շրջանակը և ճանապարհ հարթել նոր լուծումների ու նոու-հաուի փոխանակման համար` հանուն փաստերի վրա հիմնված քաղաքականության զարգացման:
Ապրիլի 29-ից մայիսի 3-ը մեր կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը, կենտրոնի հանրային քաղաքականության նորարարության թիմի ղեկավար Տիգրան Ճորոխյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը գտնվում էին Շվեյցարիայում: Այցի նպատակն էր ծանոթանալ տեղի նորարարական էկոհամակարգին և փորձով կիսվել Ժնևի ու «Global Pulse Lab»-ի մեր գործընկերների հետ:
Առաջին օրվա ընթացքում թիմը հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների տեխնոլոգիական խորհրդատու Զորջ Հոջին, ով նախկինում ղեկավարում էր Global Pulse Lab Jakarta-ի տվյալագետների թիմը: Զորջը հայտնի է որպես Կոլբա լաբի ղեկավար և Հայաստանում սոցիալական նորարարության տարածողներից մեկը: Հանդիպման ընթացքում քննարկեցինք հանրային նորարարության կենտրոնների արդյունավետ գործառնության բանաձևերը:
Հաջորդ օրերին ԿԶՆ կենտրոնը հանդիպումների շարք ունեցավ Ժնևի ԿԶՆ լաբի ու ՄԱԶԾ հետ: Հանդիպումների ընթացքում անդրադարձանք այն միջոցառումներին, ֆինանսական նախաձեռնություններին, որոնց մեր կենտրոնը կարող է միանալ: Թիմը նաև հանդիպեց Իմփաքթ հաբ ժնևի անդամներին և քննարկեց ԿԶՆ-երը, ստարտափերը և Accelerate 2030 ծրագիրը:
Այցելությունների շարքը ավարտվեց Շվեյցարիայի Վալե կանտոնում, որը հայտնի է իր կայուն զբոսաշրջությամբ: Կանտոն Վալեի Սայոն վարչական շրջանում թիմը հանդիպեց Սայոնի համայնքային զարգացման ղեկավար Անդղե Ժինաղին և քննարկեց համայնքային զարգացման ու կայուն զբոսաշրջությանն առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո թիմը Սիերայի Տեխնոպոլ կենտրոնում տեղի բիզնես համայնքին, դաշնային պաշտոնյաներին և Տուրիզմի ինստիտուտին ներկայացրեց մեր կենտրոնը և իր ծրագրերը:
Հաջորդ քայլերը
Շվեյցարիայի գործընկերների հետ կշարունակենք աշխատել նախնական պայմանավորվածությունների շուրջ ու դրանք դարձնել իրականություն: Դա ներառում է ակադեմիական փոխանակումը, շվեցարական նորարարական ծրագրերի ու պիլոտների թեստավորումը Հայաստանում և տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակում համատեղ նախաձեռնությունները:
Մանրամասները` շուտով: