Page
Վարքաբանական փորձարկումներ

Վարքաբանական փորձարկումներ

03.05.2018 / Դիտումներ

Քաղաքականություն մշակողների մոտ տիրապետում է այն պատկերացումը, որ բոլոր անհատները ռացիոնալ էակներ են, ովքեր ամեն ինչ հաշվարկում են և որոշումները կայացնում են ի նպաստ իրենց նյութական բարեկեցության։

Ցանկանու՞մ եք բնակչության շրջանում մեծացնել ծախսերը։ Ուղղակի ավելացրեք այն խթանները, որոնք կօգնեն մարդկանց մտածել, որ ծախսելն ավելի ռացիոնալ է կամ խնայելը ավելի իռացիոնալ է։ Ցանկանու՞մ եք կրճատել մեքնենաների արտանետած ածխաթթու գազի ծավալները։ Պարզապես բացատրեք կլիմայական փոփոխության երկարաժամկետ հետևանքները։

Նման մոտեցումը իրատեսական չէ։ Ավելին, երբ սկսում ենք հասկանալ թե ինչն է ընկած արդյունավետ քաղաքականության հիմքում, առաջանում է անհատների իրական վարքը վերանայելու անհրաժեշտությունը, որը ոչ միշտ է ռացիոնալ, ավելին՝ վարքի վրա ներգործում են զգացմունքները, դաստիարակությունը, մշակութային ենթատեքստը կամ այլ արտաքին գործոններ։

Հենց այս գաղափարի հիմքով է վարքաբանությունը կիրառվում քաղաքականության մշակման մեջ։ Վերջին տարիներին խոշոր միջազգային կազմակերպություններ (օր․՝ Համաշխարհային Բանկը, ՄԱԿ-ը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, Եվրոպական հանձնաժողովը) ինչպես նաև առանձին երկրների կառավարություններ (օր․՝ Մեծ  Բրիտանիայի, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի) սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել մարդկային վարքագծին՝ սպառողի իրավունքների պաշտպանության, առողջապահության, հարկահավաքության, բնական միջավայրի, կրթության և այլ ոլորտներում քաղաքականություն մշակելու ժամանակ։ 

Ինչո՞ւ։ Եկեք դիտարկենք հետևյալ հիպոթետիկ օրինակը, որի օգնությամբ կարող ենք ցուցադրել դասական քաղաքական միջամտության և վարքաբանական միջամտության տարբերությունը։

Արմենը փորձում է հասկանալ իր երեխաների՝ դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն ու կարիերա ընտրելու հնարավորությունները։ Նա շատ լավ գիտի, որ հարևանների ու բարեկամների շրջանում հարգի են տնտեսագետի կամ իրավաբանի մասնագիտությունները։ Բազմաթիվ մասնագիտությունների ընտրանքի առջև կանգնելով նա համոզում է իր երեխային ընտրել տնտեսագետի մասնագիտությունը, չնայած որ քաջատեղյակ չէ աշխատաշուկայում առկա միտումներին և թե որոնք են տնտեսագետի կարիերայի հնարավորությունները։

Եթե փորձենք հարցին մոտենալ դասական քաղաքականություն մշակողի տեսանկյունից, ապա Արմենին ավելի շատ տեղեկատվություն և ուղղորդում է հարկավոր։ Այդ տեղեկատվությունը կարելի է Արմենի համար հասանելի դարձնել տեղական կառավարման մարմնի կայքի կամ բազում իրազեկման արշավների ու քննարկումների օգնությամբ։ 

Վարքաբան-քաղաքականությունը մշակողը հաշվի կառներ այն հանգամանքը, որ միգուցե Արմենը չունի անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրելու ժամանակն ու ունակությունները։ Նա երբեք չի ուսումնասիրել կառավարության կայքը և հաստատ հետաքրքրված չէ կառավարության միջոցառումներով։ Այդ պատճառով տեղեկատվությունը առցանց տեղադրելու և Արմենի արձագանքին սպասելու փոխարեն վարքաբան-քաղաքականություն մշակողը կարող է ուղարկել հատուկ մշակված բրոշյուր, որը կբացատրի աշխատաշուկայի միտումները և ցույց կտա այն մասնագիտությունները, որոնց կարիքը կա այժմ և կլինի ապագայում։ Այսպիսով, ի տարբերություն դասական քաղաքականություն մշակողի վարքաբան-քաղաքականություն մշակողը ավելի հավանական է, որ կազդի Արմենի վարքագծի վրա՝ իր իսկ շահի համար։

Ինչո՞ւ է սա կարևոր

2017թ․ ՄԱԿ-ը և ՀՀ կառավարությունը հիմնադրեցին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը։ Կենտրոնի առաջնահերթ նպատակներից մեկն է բարելավել քաղաքականության մշակման գործընթացը երկրում։ Կենտրոնն արդեն գործարկել է իր առաջին վարքաբանական փորձն ու մշակում է ևս մի քանի նոր միջամտություն։

Կառավարության մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում արդեն առանձնացրել ենք վերականգնվող էներգիայի, կանխարգելիչ բուժզննման, հարկահանության և մի շարք այլ ոլորտներում առկա մարտահրավերներ, որոնք կարող են մեծապես շահել վարքաբանական մեթոդաբանության կիրառումից։ 

Հետևեք մեր էջին վարքաբանական փորձերի արդյունքներին ծանոթանալու համար։ 

 

Relevant Topics