Page
Արհեստական բանականությունը կօգնի Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը

Արհեստական բանականությունը կօգնի Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը

18.03.2019 / Դիտումներ

Այսօր տեղի ունեցավ արհեստական բանականությամբ աշխատող Travelinsights գործիքի շնորհանդեսը: Գործիքն օգնելու է զարգացնել Հայաստանի աճող զբոսաշրջային ոլորտը` առցանց հայտնի հարթակներից իրական ժամանակում հավաքելով և վերլուծելով տարբեր ծառայությունների վերաբերյալ կարծիքներ:

Travelinsights-ը մշակվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգային նորարարական կենտրոնի կողմից և բարդ ալգորիթմների օգնությամբ կարողանում է հայտնաբերել, հավաքել ու վերլուծել Հայաստանի վերաբերյալ բոլոր գրառումները: Գործիքը, վերլուծելով հավաքագրած առցանց տվյալները, օգնում է հասկանալ զբոսաշրջության ոլորտում առկա դրական ու բացասական երևույթները զբոսաշրջիկի աչքերով: Գործիքի մշակմանը ներգրաված են եղել տվյալագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, ուսանողներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի փորձագետներ:

«Հայաստանում զբոսաշրջության ոլորտն ունի մեծ ներուժ և կարող է տնտեսության զարգացման համար ստեղծել եզակի հնարավորություններ»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Չնայած իր երկար պատմությանը, Հայաստանը համեմատաբար նոր խաղացող է համաշխարհային զբոսաշրջության ոլորտում:

Ըստ Զբոսաշրջության և ճամփորդության համաշխարհային խորհրդի, 2017թ. զբոսաշրջության ընդհանուր ներդրումը տնտեսության մեջ՝ ներառյալ անուղղակի աշխատատեղերը, կազմել է ողջ զբաղվածության 14 տոկոսը: Ենթադրվում է, որ այս թիվը կշարունակի աճել: 

Նախորդ տարի երկիրը գրանցել է հինգ տոկոս տնտեսական աճ: Կառավարության հնգամյա ծրագիրն նպատակ ունի դիվերսիֆիկացնել տնտեսությունը և երաշխավորել, որ ավելի մեծ թվով քաղաքացիներ կօգտվեն տնտեսական բարիքներից: Զբոսաշրջությունն ունի տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և եկամտի բաշխման համար շարժիչ ուժ լինելու մեծ ներուժ:

«Գործիքը մեզ կարող է օգնել հասկանալ զբոսաշրջիկների բավարարվածության ու դժգոհության աղբյուրները, լուծել ոլորտի խոցելի հարցերը, զարգացնել զբոսաշրջության շուկան, ինչպես նաև ներդրումներ կատարել նոր շուկաներում ու ծառայություններում, ինչպիսիք են էկոտուրիզմն ու գաստրոտուրիզմը»,- հավելեց Տիգրան Ավինյանը: 

Travelinsights-ը կգործի որպես հարթակ բիզնեսների համար, ներառյալ` ռեստորանների, հյուրանոցների և թանգարանների, որոնք ցանկանում են զբոսաշրջության ոլորտում հետևել հիմնական միտումներին և բարելավել իրենց ծառայությունները:

Ազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է ՄԱԶԾ-ն: ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Սպոլյարիչ Էգգերը Հայաստան իր առաջին այցելության ընթացքում նշեց. «Մեր վերջնանպատակն է բազմապատկել մի շարք ոլորտներում և զարգացման նպատակների վրա դրական ազդեցությունը, ներառյալ արժանապատիվ աշխատանքը և լավ ենթակառուցվածքները»,- հավելեց նա:

Իր նորարարական պորտֆելի շնորհիվ ՄԱԶԾ-ն օգնում է նոր մոտեցումներ ձևավորել զարգացման ոլորտում, ներառյալ կառավարությունների հետ նորարարական կենտրոնների ձևավորումը, որոնք թույլ կտան վերափոխել հանրային ծառայությունների ոլորտը, տվյալների օգնությամբ իրականացնել և մշտադիտարկել ԿԶՆ-երը, բացահայտել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ` ԿԶՆ-երի իրականացումը արագացնելու և դիվերսիֆիկացնելու համար:

Relevant Topics