Վարքաբանությունը ՄԱԿ-ի մեթոդաբանական և գործնական վերափոխման գործընթացի մի մասն է կազմում։ Մի շարք ոլորտներում ՄԱԿ-ի աշխատանքի հաջողությունը կախված է մարդկային վարքագծի փոփոխությունից։ Օրինակ՝ առողջ սննդին նախապատվություն տալը, դեղեր ընդունելը, երեխային դպրոց տանելը, աշխատանք գտնելն ու գումար խնայելը։ Վարքաբանությունը կարող է այս գործընթացն էլ ավելի լավացնել՝ թույլ տալով հասկանալ հետևյալ հանգամանքները․
- այն խոչընդոտները, որ մադկանց թույլ չեն տալիս հետևել իրենց իսկ նախատեսած գործողություններին
- այն հնարավորությունները, որոնք օգնում են մարդկանց նպատակներ սահմանել ու հասնել դրանց իրագործմանը
- միջամտությունների ազդեցությունը՝ հիմնված այդ խոչընդոտների և հնարավորությունների ընկալման վրա՝ կարևորելով մարդկային արժանապատվությունը, թափանցիկությունը և էթիկական պահանջների հանդեպ հարգանքը։
Այս տարի՝ ՄԱԿ-ի «Վարքաբանական շաբաթվա» ընթացքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը թողարկեց «Վարքաբանության մասին ձեռնարկը», որը խրախուսում է ՄԱԿ-ի գործընկերներին վարքաբանությունը կիրառել քաղաքականության, ծրագրերի մշակման ու ադմինիստրատիվ գործընթացներում։ Ձեռնարկին զուգահեռ, ՄԱԿ-ի Նորարարական ցանցը մեկնարկեց «ՄԱԿ-ի Վարքաբանության զեկույցը», որը ներառում է աշխարհի 25 երկրի 100-ից ավել վարքաբանական փորձերի կիրառման դեպքեր։ Զեկույցը ներառում է փորձեր ու մոտեցումներ ամբողջ ՄԱԿ-ից ու կիսվում է պրակտիկ քայլերով՝ վարքաբանության կիրառման համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։
ԿԶՆ կենտրոնում վարքաբանություն կիրառում ենք դեռևս 2018թ․-ից՝ նպատակ ունենալով ավելի լավ հասկանալ մարդկային բնույթն ու բարելավել նրանց կյանքը։ Մինչ օրս մի շարք միջամտություններ ենք իրականացրել։
Մեր վարքաբանական փորձարկումներից մեկը ներառվել է «Վարքաբանության զեկույց»-ում։ Շիրակի մարզում կանխարգելիչ բուժզննումները խթանող վարքաբանական միջամտության մանրամասները կարող եք գտնել զեկույցի 36-րդ էջում։