ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Կոմիտեում կայացել է «Հարկային կարգապահության բարելավումը Հայաստանում վարքաբանական միջամտության միջոցով» հետազոտության շնորհանդեսը, որն իրականացվել էր ՊԵԿ-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում:
Վարքաբանական միջամտությունն իրականացվել է 2019թ․՝ մեր կենտրոնի, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, Պետեկամուտների կոմիտեի և վարքաբաններ Արմենակ Անտինյանի (Տնտեսագիտության և իրավունքի Ժոնգնանի համալսարան) և Զարեհ Ասատրյանի (Մաննհայմի համալսարան) համատեղ ջանքերով։
Պատահականության սկզբունքով վերահսկվող փորձի օգնությամբ չափում էինք տարբեր վարքաբանական փորձարկումների ազդեցությունը Հայաստանում հարկային պարտավորությունները կատարելու վրա։ Մեր միջամտության թիրախում Հայաստանում գործող 28,503 փոքր ու միջին ձեռնարկություններ էին, որոնք իրավասու են շրջանառության հարկ վճարելու։ Փորձարկման միջոցով չափում էինք, թե արդյոք էլեկտրոնային փոստով ուղարկված ծանուցումները կարող են նպաստել այդ ընկերությունների կողմից հարկերի հայտարարագրման աճին։ Նաև ստուգել ենք, թե արդյոք շրջանառության հայտարարագրումը նպաստում է ավելի շատ հարկեր հայտարարագրելուն։
Մենք 5 տարբեր տեսակի ծանուցում ենք ստուգել։ Հետո արդյունքները համեմատել ենք ոչ մի ծանուցում չստացած վերահսկվող խմբի արդյունքների հետ։ Այս կերպ, նպաստել ենք քաղաքացիների հետ հաղորդակցության բարելավմանն ու մարդկանց մոտ հարկերի հանդեպ ունեցած ընկալումների փոփոխությանը։
Վարքաբանական միջամտության արդյունքներին կարող եք ծանոթանալ մեր կայքի Նախագծեր բաժնում։
Փորձարկումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Նորարարական լուծումներ՝ Հայաստանում ԿԶՆ իրականացման համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում։